Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մանաթն ու միջքաղաքակրթական թյուրըմբռնումը 2016-ին

Մանաթն ու միջքաղաքակրթական թյուրըմբռնումը 2016-ին
11.01.2016 | 10:58

Ադրբեջանի կառավարությունը կիրակի օրով հավաքվել ու նիստ է արել՝ նախագահի գլխավորությամբ ամփոփել են անցած տարին: Իլհամ Ալիևը նորից խոսել է Ադրբեջանի ու իր հաջողություններից: Իսկ անցնող տարին Բաքվի համար իրոք երկար, դժվար ու բարդ տարի էր՝ Եվրոպական խաղեր, խորհրդարանական ընտրություններ, նավթի գնանկում, Նարդարան, նոր հանրապետություն սեփական տարածքում, բայց Իլհամ Ալիևը չի էլ ասել՝ պատրաստվո՞ւմ է ճանաչել Նարգինի Հանրապետությունը, թե՞ դա ևս «օկուպացված տարածք է» Բաքվի մերձակայքում:
2016-ին նա կառավարության առաջ խնդիր է դրել նավթային ոլորտի զարգացումը և էներգակիրներից կախվածության նվազեցումը: Տարեցտարի Ալիևը այս խնդիրը համարում է առաջնային, նույնիսկ երբեմն արձանագրում է հաջողություններ տնտեսության այլ ճյուղերում, բայց այս տարին տարբերվում է մյուսներից՝ նավթի գնանկումը սպառում է Ադրբեջանի պահուստները: Իլհամ Ալիևը հարկադրված էր ասել. «Նավթից կախվածությունը նվազում է: Բայց մենք պետք է նվազագույնի հասցնենք, որ ապագայում կախում չունենանք նավթի գներից»: Մանաթի արժեզրկման ու սոցիալական բողոքի ալիքի կասեցման խնդիր ունեցող նախագահը ևս մեկ առաջնային խնդիր է գտել՝ ներդրումների ծավալի մեծացումը: 2015-ին Ադրբեջանում ներդրվել է 20 միլիարդ դոլար, կեսը՝ օտարերկրացի ներդրողների: Նա ընդունել է, որ նավթի գնի անկումն ու մանաթի արժեզրկումը ազդել են Ադրբեջանի տնտեսության վրա, բայց շեշտել է տնտեսական աճը, սոցիալական ծրագրերի չկրճատվելը ու բնակչության աճը 114 հազարով, որը, ի դեպ, այնքան էլ մեծ թիվ չէ:
Անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերություններին, բայց կառավարության նիստում ավելին չի ասել, քան մինչ այդ էր հայտարարել: «Բնականաբար, դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ երկու երկրներն էլ մեր հարևաններն են, բարեկամները, և նման իրավիճակն անցանկալի է մեզ համար»,- ասել է Ալիևը՝ Անկարայի ու Մոսկվայի կոնֆլիկտի մասին: Իսկ Աստանան, օրինակ, առաջարկել էր միջնորդ դառնալ՝ հարաբերությունների բարելավման հարցում: Նուրսուլթան Նազարբաևն ընդհանրապես շատ է սիրում հաշտարարի գործը՝ վստահ, որ ամենաշահողը ինքն է լինելու հաջողության դեպքում, իսկ անհաջողության դեպքում ինքը ոչինչ չի կորցնելու: Ինչպես և Ալեքսանդր Լուկաշենկոն: Ի տարբերություն նրա՝ Ալիևը անհանգստացած է Իրանի և Սաուդյան Արաբիայի լարված հարաբերություններից՝ «Այդ վիճակն ազդում է մուսուլմանական աշխարհի իրադարձությունների վրա»,- ասել է նա իր նախարարներին, նրան ընդհանրապես մտահոգում է «միջքաղաքակրթական թյուրըմբռնումը»: Թեև անկեղծ լինելու պարագայում՝ Ալիևը պիտի ասեր, որ այդ կոնֆլիկտը գոնե իրեն ուրախացնում է, և ավելի կուրախացնի, եթե Իրանը կորուստներ ունենա, կամ նվազագույնը՝ ի հետևանս՝ նավթի գինը բարձրանա: Համենայն դեպս՝ Սաուդյան Արաբիան էլ, Թեհրանն էլ նավթ արդյունահանող երկրներ են ու մրցակիցներ Բաքվի համար:
Կառավարության առաջին նիստում Ադրբեջանի նախագահը ամփոփել է և անցած «կոնֆլիկտային» տարին ու հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց չի եղել և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ էր»: Իսկ պատճառը Հայաստանն է, որ խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է հնարավորինս երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ օկուպացված հողերից: Ալիևն ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը արմատապես տարբերվում է. «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց ցավոք ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»: Ալիևը մոռացել է գուցե ԱՄՆ Կոնգրեսի քննարկումներին անդրադառնալ՝ շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայման մասին: Նա կարծում է, որ 2015-ին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը, առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը: Այսինքն՝ սա պատասխանն է թե համանախագահների, թե ԱՄՆ Կոնգրեսի, թե ընդհանրապես: Բաքուն ռազմավարությունն ու մարտավարությունը այս տարի ևս չի փոխի՝ Ադրբեջանը շեշտը դնելու է իր սպառազինությունների ու սադրանքների վրա, այնքան, որքան հերիքի մանաթը: Մարտին ԱՄՆ-ում կկրկնի՞ Իլհամ Ալիևը իր ազգային-ազատագրական դրույթները: Մինչև մարտ դեռ պետք է հասնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանին իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: Հայկական Զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»: Հետո՞: Բաքուն կրակում է ու ասում է՝ էլի եմ կրակելու: Իսկ Երևանը միալար կրկնում է՝ «պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: ՈՒ ի՞նչ: Ի՞նչ է փոխվում 2016-ին: Ասիմետրիկ պատասխանի մի քանի սպառնալիք ու փոփոխությունների մշուշոտ ակնարկներ՝ մեր արձագանքը սա է: Պատերազմում պարտված Ադրբեջանի ռացիոնալ դիրքորոշմանը մենք մինչև այժմ պատասխանել ենք հաղթողի մեր անհողդողդ իռացիոնալիզմով:

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ